Ռուսաստանցի գործարար Յուրի Միլները 64 մլն ֆունտ սթեռլինգ է ներդրել (100 մլն դոլար) Լոնդոնում մեկնարկած նախագծում, որի նպատակը Երկրից դուրս գոյություն ունեցող քաղաքակրթությունների որոնումն է:
Նախագծի հեղինակները բրիտանացի մի քանի գիտնականներ են, այդ թվում՝ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ինչպես նաեւ ամերիկացիներ Ֆրենկ Դրեյքն ու Ջեֆ Մարսին:
«Այս նախագիծը չափազանց կարեւոր է: Երկրից դուրս կյանք փնտրելու ժամանակն է»,- Լոնդոնում նախագիծը ներկայացնելիս հայտարարել է Հոքինգը:
Ըստ «Վեդոմոստի»-ի, Breakthrough Listen Initiative կոչվող նախագծի շրջանակում մի քանի ռադիոդիտակներ Երկրին մոտ գտնվող միլիոնավոր աստղերից ազդանշաններ կհավաքեն, ինչը, հնարավոր է, թույլ կտա կյանք հայտնաբերել այլ մոլորակների վրա: Ռադիոդիտակներից մեկը գտնվում է Ավստրալիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում:





























