ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Կարեն Երիցյանը` Ալավերդի քաղաքի բնակիչ Լեւոն Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 1993 թվականին ծնված Լեւոն Նալբանդյանը։ Նախնական քննության արդյունքներով՝ Լ.Նալբանդյանը նշված վնասվածքն ստացել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից արձակված կրակոցի հետեւանքով։
Կ.Երիցյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում հուլիսի 18-ի գիշերը կրակել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի 22-ամյա որդու՝ Լեւոն Նալբանդյանի վրա։ Երիտասարդը հրազենային վնասվածքներ էեւ ստացել, նախնական վիրահատության է ենթարկվել Ալավերդիում, տեղափոխվել Երեւանի «Էրեբունի» բուժկենտրոն, որտեղ էլ սրունքների վիրահատության էր ենթարկվել: Ոստիկանները հայտնաբերել են կրակողին էլ, զենքն էլ։
Մարզպետի որդին մտերիմ է եղել կրակողի հետ, եւ դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։ Թեեւ Ալավերդիում խոսակցություններ կան, որ կրակոցը ամենեւին էլ պատահականություն չէ:




























