Հուլիսի 18-19-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի` Տավուշի կողմին հարող տարածքում պատահած դժբախտ դեպքով, երբ հուլիսի 17-ին պայթուցիկի հետ խաղալիս վիրավորվեց երեք թուրք երեխա: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
«Երեք երեխա պայթուցիկի հետ խաղալու պատճառով լուրջ վնասվել են: Դրանից հետո թուրքերը հայտարարեցին, որ հայերն են երեխաների վրա կրակել և իրենք էլ պատասխան են տալու՝ կրակելով հայկական բնակավայրերի վրա: Սակայն, տեսանք, թե ինչ եղավ արդյունքում՝ մերոնք ինչպես միշտ թուրքերին ծեծեցին»,-նշեց նա:
Վարդանովը նաև նշեց, որ Հայկական բանակում ծառայում են հզոր ու մեծ կամքի տեր զինվորներ, որոնք նույնիսկ եթե չունեն համապատասխան ռազմական պատրաստություն, սակայն կարողանում են հետ շպրտել հատուկ պատրաստություն անցած հակառակորդին. «Մենք ունենք հզոր բանակ ու հզոր զինվորներ, սակայն պետք է միշտ վախը սրտերումս ապրենք ու անհանգիստ լինենք, քանի որ հիմա զինադադար է, բայց մենք պատերազմական վիճակում ենք: Անգամ խաղաղության պայմանագիր ձեռք բերելուց հետո մենք պետք է հասկանանք, որ թուրքը մնում է թուրք, և միշտ զգոն լինենք»:





























