Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ընդդեմ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության խնդրով շուրջ 2 տարի տեւած դատավարությունը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին կայացած դատական նիստին փաստաբանն ու Պ.Հայրիկյանը կնքել են հաշտության համաձայնություն, որում, մասնավորապես, ասված է.որ Պարույր Հայրիկյանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ցանկացած հեռուստաալիքով կամ մամուլի ասուլիսի միջոցով անձամբ կամ լիազորված անձի միջոցով տարածում է հետևյալ հայտարարությունը. «Ինձ վրա կատարված մահափորձի վերաբերյալ դատավարության ընթացքում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հասցեին հնչեցրել եմ վիրավորանքներ, որոնք իրականում Սիրունյանի անձին չեն վերաբերել: Պարզապես, փաստաբանին նույնացրել եմ այն անձանց հետ, ովքեր ընդհանրապես մերժելով մահափորձը՝ ինձ անուղղակիորեն ներկայացնում էին որպես կեղծարար։ Ա. Սիրունյանն իր աշխատանքն էր կատարում ու ես նրա անձնական, բարոյական ու մասնագիտական արժանիքները կասկածի տակ չեմ դրել և չեմ դնում»: Պ.Հայրիկյանին ուղղված դրամական պահանջից փաստաբանը հրաժարվել է
Նշենք, որ այս դատի առիթ է հանդիսացել Հայրիկյանի ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, որում ԱԻՄ առաջնորդը փաստաբանին անվանել էր «տականք, ստոր արարած, բոլշեւիկի ծնունդ»: Սիրունյանը պահանջում էր պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին հեռուստատեսությամբ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ փոխհատուցել 1 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում 2013թ. հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել իր իսկ տան դիմաց: Օրեր անց ձերբակալվել էր նախագահի մեկ այլ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում 2013թ. սեպտեմբերին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել էր 14 տարվա ազատազրկման: Ալեքսանդր Սիրունյանը այն ժամանակ Վարդան Սեդրակյանի փաստաբանն էր:





























