Վանաձորում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության գործով միակ ականատես-վկան պնդում է, որ ինքն իրականում ոչինչ չի տեսել, դեպքից էլ տեղյակ չէ:

Այսօր՝ հուլիսի 21-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրացուցիչ հարցաքննության ժամանակ անչափահաս վկան, որի անունը փաստաբանի խնդրանքով չենք հրապարակում, նորից հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում:

«Իմ ձեռագրով է գրվել, սակայն իմ խոսքերը չեն: Ես ոչինչ չեմ տեսել»,- ասաց վկան, որը սպանվածի թիմակիցներից է եւ նրա հետ Վանաձոր էր մեկնել հանդբոլի Հայաստանի առաջնությանը մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ ըստ այդ վկայի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեսել է, որ գործով ամբաստանյալ Կարեն Կունգուրցևն է անչափահասին դանակով հարվածել:

Նշենք, որ մինչեւ այս պահը դատարանում գործով հարցաքննվել են մոտ 30 վկաներ: Նրանց հարցաքննությունը պաշտպանական կողմի միջնորդությամբ է վերսկսվել:

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի ևս մեկ առանցքային վկա, որից հետո դատաքննությունը կավարտվի:

Հիշեցնենք, որ Կունգորցեւը պնդում է, որ ինքը մեղավոր չէ։ Լոռու մարզում խոսակցություններ են պտտվում, որ սպանության իրական մեղավորը ԱԱԾ պաշտոնյայի որդի է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Կունգուրցեւը 2013թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է եւ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների` օգնության հասնելուց հետո Կարենը դիմել է փախուստի: Դեպքից անմիջապես հետո Դ. Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ, որտեղ ժամը 21:35-ին մահացել է:

Կարենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: