Սանկտ-Պետերբուրգի «Իմպերիալ» շրջիկ կրկեսը, որը Երեւանի պետական կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի հրավերով օգոստոսին Հայաստանում ներկայացումներ կունենա, հայ հանդիսատեսի համար կրկեսային անսովոր համարներ է պատրաստել: Ինչպես  NEWS.am-ի հետ զրույցում ասաց կրկեսի փոխտնօրեն Անդրեյ Միտաչկինը, կրկեսային ներկայացումներին կմասնակցեն ինչպես իրենց լավագույն դերասանները, այնպես էլ բազմաթիվ կենդանիների՝ աֆրիկյան առյուծներ, ուղտեր, կապիկներ, ձիեր, պոնիներ:

«Երեւանյան հանդիսատեսին մենք զարմացնելու բաներ ունենք, նրա համար բոլոր համարները նորություն կլինեն, անսովոր ծրագիր է սպասվում: Ունենք պարային խումբ, ծրագրի բացումը եւ փակումը կենդանի ձայնով կլինի: Շատ կենդանիներ կլինեն, տարբեր ժանրերի արտիստներ: Օրինակ, ակրոբատ կապիկ ունենք, որն ինքը մոտո է քշում, ժանգլյոր է: Նաեւ վարպետներ կան, որ վտանգավոր համարներ են անում»,- ասաց Անդրեյ Միտաչկինը:

«Իմպերիալ» կրկեսի հյուրախաղերը, որոնք նվիրված են Հայաստանի ժողովրդական արտիստ, ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանի հիշատակին, կտեւեն մոտ մեկ ամիս՝ օգոստոսի 22-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը: Կրկեսը տեղակայված կլինի նախկին դելֆինարիումի տարածքում, տոմսի արժեքը կլինի մոտ 2000 դրամ: Անդրեյ Միտաչկինը չի բացառում, որ նախատեսված ժամկետից ավելի երկար մնան Հայաստանում:

«Եթե հանդիսատեսը խնդրում է, ապա երկարացնում ենք ժամկետը: Իսկ մեր գլխավոր նպատակը հայ հանդիսատեսին ուրախացնելն է, մեզ համար կարեւոր է իրենց սպասելիքներն արդարացնելը»,- ասաց Անդրեյ Միտաչկինը՝ նշելով, որ հնարավոր է՝ կրկեսը շրջագայի նաեւ Հայաստանի մարզերում:

Միտաչկինը, որը նախքան կրկեսի ամբողջ անձնակազմի ժամանելն արդեն մեկ ամիս է՝ Հայաստանում է, տպավորված է ոչ միայն մայրաքաղաքով, մարդկանցով, այլեւ հայկական կրկեսի մշակույթով: Նրա խոսքով՝ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում կրկեսի մշակույթին վտանգ չի սպառնում:

«Հայաստանում կրկեսային հզոր մշակույթ կա ձեւավորված: Այստեղ ամեն ինչ լավ է կրկեսի հետ: Բայց ամբողջ աշխարհում կրկեսային մշակույթի հետ կապված խնդիր կա, կամ թույլ է վերահսկում այս մշակույթը, կամ փոխարինվում է մեկ այլով: Օրինակ՝ կան կրկեսային կոլեկտիվներ, որոնք առանց կենդանիների են աշխատում»,- ասաց Անդրեյը՝ նշելով, որ չնայած դրան՝ կրկեսն աշխարհում իր դիրքերը չի զիջում պրոֆեսիոնալ դերասանների, ռեժիսորների, սցենարիստների շնորհիվ: