ՀՀ կառավարության հունիիս 25-ի որոշման հիման վրա քրեակատարողական ծառայությունում օրեր առաջ մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության 10 քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագրի իրականացումը: Վերջինի նախապատրաստումը սկսվել էր անցյալ տարի՝ ՀՀ արդարադատության նախարարության եւ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջեւ 2014 թ. նոյեմբերի 14-ին ստորագրված համաձայնագրով:

Ծրագիրը կիրականացվի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ հնարավորություն տալով կիսով չափ կրճատելու դրանց կողմից սպառվող էներգիայի քանակը:

Մասնավորապես ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել քրեակատարողական հիմնարկների պատուհանների եւ դռների փոխարինում, կենցաղային տաք ջրի ապահովում արեւային ջրատաքացուցիչների միջոցով, պատերի եւ ծածկի ջերմամեկուսացում, գազատարների կառուցում, կաթսայատների կառուցում եւ վերազինում, ներքին եւ արտաքին ջերմային ցանցերի կառուցում, արտաքին լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լուսատուներով եւ այլ միջոցառումներ, որոնց արդյունքում ոչ միայն կնվազեն քրեակատարողական ծառայության էներգետիկ ծախսերը, այլեւ կապահովվեն դատապարտյալների համար կեցության, իսկ աշխատակիցների համար՝ աշխատանքային բարենպաստ պայմաններ:

Մասնավորապես՝ կբարելավվեն ազատազրկված անձանց, այդ թվում նաեւ կանանց, անչափահասների կենսապայմանները, հիվանդանոցային պայմանները, կբարձրանա ջերմային եւ հիգիենիկ հարմարավետության մակարդակը՝ դրանով իսկ կրճատելով բազմաթիվ հիվանդությունների տարածման ռիսկը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել  մեծածավալ ներդրումներ Հիմնադրամի կողմից կառավարվող պետական շրջանառու միջոցների հաշվին: Ներդրումների արդյունքում ակնկալվում է տարեկան մոտ 7000 կՎտժ (50%) էներգիայի խնայողություն, մոտ  300 մլն դրամ դրամական արտահայտությամբ:

Բացի տեղային պայմանների բարելավումից՝ ծրագիրը կնպաստի նաեւ բնապահպանական դրական արդյունքներին, գլոբալ առումով՝ տարեկան 1600 տոննա ածխածնի երկօքսիդի արտանետումների կրճատման միջոցով նվազեցնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը: