Հայաստանի Հանրապետության ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն հուլիսի 21-ին, բացել է իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաեւ «ՀայՓոստ»-ի եւ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը եւ մի շարք համայնքային ներկայացուցիչներ:
«ՀայՓոստ»-ի հայաստանյան եւ նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջեւ գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ եւ արագ կերպով ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին եւ ընկերներին: Միեւնույն ժամանակ, «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի բոլորովին նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից եւ Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ այդ գնումները անմիջապես իրենց քաղաքում կամ գյուղում՝ գտնվելով Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր շրջաններում:
Ըստ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի Գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ Ընկերությունը մատուցելու է նաեւ դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ կունենա պարզեցնել եւ կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան եւ Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով եւ մատչելի:
«ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի եւ ամերիկահայ համայնքի միջեւ՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը հայրենիքի սահմաններից դուրս, ինչպես նաեւ ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ եւ կապեր հայրենիքի եւ սփյուռքի միջեւ:
«ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդել քաղաքի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, եւ զբաղեցնում է 340 քառակուսի մետր տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով եւ ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ եւ առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով:





























