Երեւան-Սեւան ավտոճանապարհին այսօր՝ հուլիսի 23-ին, տեղի ունեցած վթարից տուժած, կողաշրջված «Կամազի» վարորդ, 59-ամյա Հովհաննես Քեշիշօղլյանի առողջական վիճակը բավարար է: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Չարենցավանի բժշկական կենտրոնի վիրահատական բաժնից: Նրանց խոսքով` Հովհաննես Քեշիշօղլյանը իրենց մոտ է տեղափոխվել գլխի, քունքային հատվածի բացվածքով, եւ գլխի 2 զարկերակների վնասվածքով:

Տուժողին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Կարվել են բաց վնասվածքները:

Հովհաննես Քեշիշօղլյանը շուտով կտեղափոխվի այլ հիվանդանոցում, քանի որ Չարենցավանի բժշկական կենտրոնում չի գործում ռենտգեն ծառայություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 23-ին՝ ժամը 13:13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում` Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ-ին, Հ. Ք.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի 503 ՏՍ 63 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է` ճանապարհը դարձնելով մասամբ երթևեկելի:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1956թ. ծնված Հ. Ք.-ն տեղափոխվել է Չարենցավան քաղաքի ԲԿ: