Հանրապետական կուսակցությունը քննարկել է սահմանային լարվածությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ սահմանի իրավիճակը բոլորին է անհանգստացնում։

«Տեղյակ եք, որ այս օրերին պաշտպանության նախարարն ակտիվ լինում է զորամասերում։ Մեզ համար ցանկացած ապակայունացման փորձ դատապարտելի է, իսկ Ադրբեջանն ապակայունացնում է իրավիճակը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հավասարություն դնել մի կողմից Հայաստանի եւ Արցախի, մյուս կողմից Ադրբեջանի միջեւ ոչ միայն անթույլատրելի է, այլեւ դատապարտելի»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ մեծ տերությունների լռությունն այս հարցում ավելի մեծ խնդիրներ է առաջացնում։

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ Բաքվում կայացած Եվրոպական խաղերը պետք է որ աշխարհին ապացուցեին, որ լարվածությունը ստեղծողը հենց Ադրբեջանն է։ Նշենք, որ Եվրոպական խաղերի ընթացքում սահմանին եւ շփման գծում հանգիստ է եղել։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությանը, թե իրենք Նախիջեւանից կարող են ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ, Շարմազանովն արձագանքեց. «Նրանց նախարարները նման հայտարարություններ կանեն, իսկ Հայաստանի բանակը կհզորանա։ Հաչան շունը կծան չի լինում»։

Լրագրողների հարցին, թե հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ հայկական կողմը բանակցային միջոցով լուծման կողմնակից է, ինչը չի կարելի է ասել Ադրբեջանի մասին։

Հիշեցնենք, որ վերջին օրերին լարվածություն է նկատվում ինչպես ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։