Սահմանադրական բարեփոխումների նպատակն է միակուսակցական, դիկտատուրական համակարգին անցնելը: Այս մասին ասյսօր`հուլիսի 24-ին ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրային քննարկման ընթացքում NEWS.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ցավոք սրտի, Հայաստանում երբեք չեղավ Սահմանադրություն, որը ժողովրդի հագով կարված լինի, այն միշտ կարվել է տվյալ ժամանակի իշխանությունների համար»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի խոսքով` պետք է շուտափույթ վիժեցնել սահմանադրական բարեփոխումների ընթացքը:
«Ոչ լեգիտիմ իշխանությունն իրավունք չունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել: Ունքը սարքելու փոխարեն, աչքն էլ հետն են հանում»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պետք է միավորվեն ընդդեմ բարեփոխումների եւ նպաստեն արմատական փոփոխություններին, ընդհուպ մինչեւ իշխանափոխության:
«Սահմանադրական այս նոր նախագիծը պետք է իսկապես վիժեցվի, Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի, որից հետո պետք է հաստատել, նոր Սահմանադրություն, որը պետք է լինի ժողովրդի, ոչ թե իշխանությունների համար կարված»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ այս պահին Ազատության հրապարակում ընթանում է սահմանադրական բարեփոխումներին դեմ Պարույր Հայրիկյանի հրավիրած հրապարակաային քննարկումը: Ազատության հրապարակում են «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆելյանը եւ այլ անդամներ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամներ Դավիթ Սանասարյանն ու Անդրեաս Ղուկասյանը: Ազատության հրապարակում ներկաները, իրենց խոսքով, «Ոչ» են ասում Սահմանադրական բարեփոխումներին:





























