Վանաձորում դանակահարության պատճառով մահացած 15-ամյա հանդբոլիստի գործով 3 տարով ազատազրկված՝ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի հարազատներն օրեր առաջ վճարել են քաղհայցով պահանջվող 2 մլն դրամը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վիրաբույժի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:

«Մահացածի՝ Դավիթ Հովակիմյանի հարազատները 5 մլն դրամ էին պահանջել, դատարանը, սակայն, քաղհայցը բավարարեց մասնակի՝ սահմանելով 2 մլն դրամ: Մի քանի օր առաջ Ղուկասյանի հարազատները վճարել են գումարը»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ օգոստոսի 26-ին լրանում է իր պաշտպանյալի պատիժը կրելու 1/3-ը, որից հետո չի բացառվում՝ նա ազատ կարձակվի:

«1/3-ը չկիրառելու որեւէ հիմք ինքս չեմ տեսնում, կարծում եմ՝ սեպտեմբերի կեսերին պաշտպանյալս արդեն ազատության մեջ կլինի»,- ավելացրեց փաստաբանը:

Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել առաջին ատյանի որոշման վերաբերյալ, որի համաձայն՝ բժիշկը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013թ. հոկտեմբերի 12-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երեւանի 15-ամյա բնակիչ, դանակահարված Դավիթ Հովակիմյանը, որը ժամեր անց հիվանդանոցում մահացել էր:

Դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում հաջորդ օրը ձերբակալվել էր նախկինում դատապարտված Կարեն Կունգուրցեւը՝ «Քուրդ» մականունով: Նրան մեղադրվում էր Հովակիմյանի սպանության մեջ: Ամիսներ անց, սակայն, Կունգուրցեւի մեղադրանքը փոփոխվել էր, քանի որ սույն գործով մեղադրանք էր առաջադրվել նաեւ Լոռու գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս իր մասնագիտական պարտականությունները կատարել էր ոչ պատշաճ եւ անզգուշությամբ առաջացրել բուժվող հիվանդ Դավիթ Հովակիմյանի մահը:

Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: