Սոցիալ դեմոկրատական Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունն իր լիագումար նիստում որոշել է, որ այլեւս չի համագործակցելու ՀԱԿ-ի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Նրանց հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ծանոթանալով  ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության   7-րդ Համագումարից հետո (16 դեկտեմբեր 2009թ.) իրականացրած աշխատանքներին, Կենտրոնական Վարչությունը միաձայն  ողջունում է նրա կողմից ինքնուրույն գործելու քաղաքական ուղեգծի ընտրությունը: Հայ իրականության առաջին քաղաքական Կուսակցությունը  չի կարող լինել որեւէ այլ քաղաքական միավորի կցորդ: Կենտրոնական Վարչությունը առավել եւս մերժում է ՀԱԿ-ի ուղղակի պառակտողական միջամտությունը Կուսակցության ներքին հարցերին:

Ուստի, անհնարին  է գտնում ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:

Կենտրոնական Վարչությունը շեշտում է  ՍԴՀԿ-ի համար կարեւորագույն հայ-թրքական եւ Արցախի հարցի կարգավորման խնդիրներում իշխանության կողմից հարուցված գործողությունների եւ այդ գործընթացը սատարող քաղաքական ուժերի հետ առկա խորը անհամատեղելիությունը Կուսակցության ծրագրի հետ:

Ողջունելի է նաեւ ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության այն համոզմունքը, ըստ որի,  հայրենիքը   ամայացնող եւ քայքայող ճգնաժամից կարող է դուրս բերել միայն լիբերալ համակարգից անցումը  սոցիալ-դեմոկրատականի: Անձերի փոփոխումը համակարգի պահպանման պարագայում որեւէ դրական արդյունք տալ չի կարող, ինչն անվիճելիորեն հաստատում է Հայաստանի վերջին 20 տարիների պատմությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունը մեկ անգամ եւս  իր զորակցությունն է հայտնում Հայաստանի Հնչակյան կազմակերպությանը, ողջ հայ ժողովրդին հավաստիացնելով, որ իր հավաքական ներուժը դնելու է հանուն Արցախի ամբողջական անկախության ճանաչման, Հայ Դատի արդար լուծման, համահայկական միասնության ստեղծման եւ մայր Հայրենիքը ընկերային արդարության, օրինականության, հավասարության եւ ազատության երկիր դարձնելու կարեւորագույն ազգային խնդիրների իրագործման համար»: