Բաղդադում առեւանգել են իրաքյան «Հըզբոլլահ» կուսակցության առաջնորդին: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը:

«Աբդուլ Ռահման Աբդուլ ազ-Զահրա Ջազաերին, որի կուսակցության ռազմական թեւը՝  «Ալ Ռաշադ ալ Շաբին», մասնակցում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ մարտերին, առեւանգվել է նախօրեին Բաղդադի Քարադայի շրջանում եւ տարվել անհայտ ուղղությամբ»,-ասված է գործակալության տեղեկատվության մեջ:

«Զինվորական համազգեստով մի քանի գրոհայիններ մի քանի ամենագնացներով եկել են «Հըզբոլլահի» առաջնորդի տուն, ներխոժել ներս ու առեւանգել նրան»,-Fars-ին հայտնել է Իրաքի անվտանգության ծառայության աղբյուրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրաքում «Հըզբոլլահը» ազդեցիկ քաղաքական ուժ է, որն ընդգրկված է շիաների կուսակցությունների «Միավորված իրաքյան ալյանս» դաշինքում, որը խորհրդարանում մեծամասնություն ունի:

Իրաքյան «Հըզբոլլահը» կապ չունի լիբանանյան նույնանուն շարժման հետ: Իրաքյան «Հըզբոլլահի» ռազմական թեւը ներառված է ժողովրդական աշխարհազորի կազմում եւ ակտիվ մասնակցություն է ունենում Անբար եւ Սալահ էդ Դին նահանգներում ԻՊ-ի դեմ իրականացվող ռազմական գործողություններին: