Գրեթե 160 հոգի զոհվել է Հնդկաստանի մի քանի նահանգում մոլեգնած ջրհեղեղի հետեւանքով, տեղեկացնում է Hindustan Times թերթը։

Գուջարիթ նահանգում ջրհեղեղի հետեւանքով, որի պատճառn անձրեւային շրջանում վարարումներն են, զոհվել է 53 մարդ, Արեւմտյան Բենգալիայում` 48 մարդ։ Առնվազն 28 հոգի զոհվել է անցյալ շաբաթ Ռաջաստան նահանգում, իսկ Մանիպուրում զոհերի թիվը հասել է 23-ի։ Օրիսա նահանգում արձանագրվել է ջրհեղեղի զոհերի նվազագույն քանակ՝ 5 մարդ։

Ինչպես հաղորդում է պարբերականը, իշխանությունները վախենում են, թե հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած վարարումների զոհերի թիվը կարող է աճել, որովհետեւ տեղեկություններ կան անհետ կորածների մասին։

Նաեւ տեղեկացրել են գյուղատնտեսական արտադրանքի ջրասույզ լինելու եւ մեծ թվով բնակելի կառույցների ավերման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Անցյալ տարի Հյուսիսային Հնդկաստանի եւ Պակիստանի շրջանները պատուհասած վարարումներին զոհ է գնացել ավելի քան 440 մարդ։ Իշխանությունների տվյալների համաձայն, Պակիստանում զոհվել է 241 մարդ, իսկ Հնդկաստանում՝ ոչ պակաս, քան 200։ Աղետի վայրից տարհանվել է ավելի քան 60 հազար մարդ։