Մոսկվայի ոստիկանությունը 6 անհայտ անձանց է որոնում, որոնք Մոսկվայի հարավային Սոլնցեւոյի շրջանում հարձակվել էին ԱԻՆ ներքին ծառայության սերժանտ Եվգենի Նիկուլինի վրա, հաղորդում է Life News-ը:

Առկա տեղեկատվության համաձայն, 23-ամյա փրկարարի վրա հարձակվել են կացիններով ու դաշույններով զինված 6 անձինք, որոնք կտրել են նրա ձեռքն ու ոտնաթաթը:

Նշվում է, որ Եվգենի Նիկուլինը Մոսկվա էր եկել Վորոնեժից՝ մասնակցելու ընկերոջ երդմնակալության արարողությանը: Մոսկվայի ժամանակով գիշերը ժամը 02.00-ի սահմաններում փրկարարի եւ նրա 4 ընկերների վրա են հարձակվել անհայտ անձինք: Ընդ որում, Նիկուլինի ընկերներին հաջողվել է փախչել, իսկ նա չի կարողացել, քանի որ վերջերս ոտքի վիրահատության է ենթարկվել:

Հարձակվողները փորձել են գլխատել ԱԻՆ-ի աշխատակցին, բայց վերջինս դաշույնի շեղբը ձեռքով փակել է եւ չարագործները կտրել են ձեռքը: Այնուհետեւ կտրել են նաեւ Եվգենիի ոտնաթաթը:

Բժիշկներին հաջողվել է փրկել տուժածի կյանքը, ինչպես նաեւ կարել ոտնաթաթը: Սակայն Եվգենին ձեռքից զրկվել է, քանի որ ձեռքը հայտնաբերվել է միայն հաջորդ առավոտյան:

Քննության տվյալներով, ԱԻՆ-ի աշխատակցին եւ նրա ընկերներին շփոթել են այլ մարդկանց հետ:

Ոստիկանները փորձում են պարզել հարձակվողների ինքնությունը: