Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ադրբեջանական իշխանություններից պահանջել է անմիջապես ազատ արձակել Լեյլա եւ Արիֆ Յունուսներին եւ դադարեցնել նրանց հանդեպ հետապնդումը․ տարեց իրավապաշտպան ամուսինները առողջական ծանր վիճակում են, հայտնում է contact.az-ը։
Օգոստոսի 3-ին Արիֆ Յունուսի զարկերակային ճնշումը կտրուկ բարձրացել է, եւ նա դատարանի դահլիճում կորցրել է գիտակցությունը։ Օգոստոսի 4-ի եւ 5-ի լսումների ժամանակ նրա վիճակն ավելի լավ չէր։
«Լեյլա եւ Արիֆ Յունուսների ձերբակալությունն ու հետապնդումը արդարադատության ծաղրանմանակում է, իսկ այսպիսի դատական գործընթացը, եթե նկատի առնենք նրանց թույլ առողջությունը, ընդամենը արհամարհանք է առաջ բերում», - ասել է HRW-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
«Տարեց մարդը, որն այնքան հիվանդ է, որ նույնիսկ նստել չի կարողանում, ընդամենը հաստատում է այն կարծիքը, որ սա ֆարս է եւ քաղաքական ցուցադրական դատավարություն», - ասել է նա։
Ամուսինների ձերբակալությունը եւ դատը դարձել է իրավապաշտպանների, անկախ լրագրողների, բլոգերների եւ ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների, բանտարկության եւ ահաբեկման դաժան արշավի մի մասը։
«Լեյլա եւ Արիֆ Յունուսները բուժօգնության կարիք ունեն, ոչ թե բանտարկության։ Ադրբեջանի միջազգային գործընկերները պիտի կտրականորեն եւ միաձայն դատապարտեն արդարադատության այս ծաղրը», - ասել է Հյու Ուիլյամսոնը։





























