Օգոստոսի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Լիտվայի էկոնոմիկայի նախարար Էվալդաս Գուստասի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան վերջին շրջանում արձանագրված առեւտրական փոխանակումների եւ երկու երկրների գործարար շրջանակների շփումների ակտիվացման միտումներին:

Կողմերը գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձեւավորման գործընթացի ավարտի կապակցությամբ: Դեսպան Այվազյանը եւ նախարար Գուստասը համակարծիք էին, որ Միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը եւ ապագա գործունեությունը կարեւոր խթան կհանդիսանան երկկողմ առեւտրի զարգացման եւ ներդրումների խրախուսման համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանն իր զրուցակցին տեղեկացրեց 2014-2015թթ. ընթացքում Լիտվայում եւ Հայաստանում տեղի ունեցած 3 բիզնես-ֆորումների արդյունքների վերաբերյալ, որոնք կազմակերպել էին Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը եւ Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիան: