Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի գործակալները գտել են Ստրադիվարիուսի այն ջութակը, որը 35 տարի առաջ գողացել էին ամերիկացի մի հայտնի ջութակահարից։
Ինչպես այսօր հաղորդում է Associated Press-ը, հայտնաբերված ջութակը պատկանել է ամերիկացի հայտնի ջութակահար Ռոման Տոտենբերգին։ Մեծ վարպետի ձեռքով գրեթե երեք հարյուր տարի առաջ ստեղծված իր ջութակը երաժիշտը ձեռք էր բերել 1943-ին։ Այդ ժամանակվանից ի վեր, Տոտենբերգը միայն դրանով էր նվագում, մինչեւ 1980 թվականը, երբ նրա ելույթից անմիջապես հետո հետնաբեմից գողացան այն։
Հետագա 35 տարիների ընթացքում գողացված ջութակի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէր, մինչեւ որ նախօրեին ՀԴԲ-ի գործակալները գտան այն, փոխանցում է Informing-ը։
Երաժշտի թոռը՝ Նինա Տոտենբերգը, Washington Post-ի թղթակիցներին իր հարցազրույցում պատմել է, որ ՀԴԲ-ի գործակալն իրեն ասել է, որ ափսոսում է միայն նրա համար, որ Բյուրոն չի կարողացել ժամանակին գտնել ջութակը, որպեսզի Տոտենբերգը կարողանար նորից տեսնել այն ու նվագել դրանով։ ՝
Ջութակահարը, որին պատկանել է Ստրադիվարիուսի գտնված ջութակը, մահացել է դրա հայտնաբերումից երեք տարի առաջ։ Տոտենբերգը մահացել է 101 տարեկանում։





























