Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինկական հիվանդանոցում գտնվող շինարարական աշխատանքներ իրականացնելիս 7-րդ հարկից ընկած երիտասարդի առողջական վիճակում վերջապես դրական առաջընթաց է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա նշեց, որ դեպքից շաբաթներ անց հաջողվել է նրան անջատել արհեստական շնչառության ապարատից, դուրս բերել շոկային վիճակից: Այժմ երիտասարդը կարողանում է ինքնուրույն ուտել, բայց դեռ բազում խնդիրներ կան կոնքոսկրերի հետ կապված: Այս ընթացքում մի քանի վիրահատություններ են արվել, դեռ երկար ժամանակ կպահանջվի վերջնական ապաքինման համար: Հավանաբար մի քանի ամիս երիտասարդը դեռ կմնա հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, բայց ամենակարեւորն այն է, որ կյանքին սպառնացող վտանգը անցել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 8-ին, ժամը 15.57-ին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս քաղաքացին Երեւանի Բյուզանդի փողոցի թիվ 22 շենքի 7-րդ հարկի բարձրությունից ընկել է ցած: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը քաղաքացին (Վ.Ղ.-ն, 24-25տ.) տեղի ուժերով իջեցվել է եւ տեղափոխվել «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:



























