Մխիթա Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցում գտնվող իր տան բակում դանակահարված քննիչը ու նրա ընկերը օրերս դուրս են գրվել հիվանդանոցից: ս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:

Նա նշեց, որ երկուսի վիճակն էլ արդեն լավ էր, օրերս դուրս են գրվել հիվանդանոցից: Նրանք սկզբից ընդունվել էին Վերակենդանացման բաժանմունք, այնուհետեւ վիճակի կայունանալուց հետո տեղափոխվել Վիրաբուժական բաժանմունք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանի դանակահարության դեպքի առթիվ։ 2015թ. հուլիսի 18-ին` ժամը 01:40-ին, ծակած-կտրած վերքերով Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Սուրեն Մանուկյանը։ Հիվանդանոցից ստացած ահազանգի համաձայն՝ ծակած-կտրած վնասվածքներով նրա հետ բուժօգնության է տեղափոխվել նաեւ Երեւանի բնակիչ Էդգար Սարգսյանը։ Նախնական տվյալներով՝ Ս.Մանուկյանին եւ նրա ընկերոջը՝ Էդ.Սարգսյանին, նշված մարմնական վնասվածքները պատճառվել են Ս.Մանուկյանի շենքի բակում։ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ստացված տեղեկանքի համաձայն՝ Սուրեն Մանուկյանի վնասվածքները թափանցել են կրծքավանդակի եւ որովայնի խոռոչներ: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Բժշկական տեղեկանքի համաձայն՝ Է.Սարգսյանը եւ Ս.Մանուկյանն ի վիճակի չեն ցուցմունքներ տալու: Քննություն է տարվում՝ պարզելու մարմնական վնասվածքներ պատճառելու հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։