Այսուհետ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչները կունենան վերանորոգված հանգստի սենյակ եւ սանհանգույց:
Վերանորոգումները կատարվում են ԱՄՆ Կանզաս նահանգի եւ Հայաստանի միջեւ իրականացված Մարդասիրական քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Կանզասի Ազգային գվարդիայի օդուժի ինժեներական կազմի կողմից:
Այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը եւ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այցելեցին թիվ 1 տուն-ինտերնատ՝ անձամբ ծանոթանալու կատարվող աշխատանքներին եւ շրջայց կատարեցին տուն-ինտերնատի տարածքում:
Տիկին Բաղդասարյանը դեսպանին ներկայացրեց կատարվող աշխատանքները, տուն-ինտերնատի պայմանները եւ նշեց, որ բնակիչները ամբողջությամբ գտնվում են պետության հոգածության ներքո:
Դեսպան Միլսն էլ գոհունակություն հայտնեց կատարված աշխատանքների համար եւ ի դեմս տուն ինտերնատի տնօրենի շնորհակալություն հայտնեց ողջ անձնակազմին՝ աջակցության եւ օգնություն ցուցաբերելու համար:
Շրջայցին ներկա էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը, նախարարության եւ դեսպանատան աշխատակիցներ:





























