Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի հոգեբուժարան տեղափոխվելու մասին լուրերը փաստաբանը չի ցանկանում մեկնաբանել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչատրյանների փաստաբանը՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ որեւէ բան չի ցանկանում մեկնաբանել, քանի որ ամեն ինչ խառնվել է իրար, ով ինչ ուզում, գրում է:
Նա նշեց, որ գործով դեռ հետախուզման մեջ է Մայիս Խաչատրյանը, իսկ Էյներ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չի փոխվել: Իսկ թե որքանով են իրականությանը համապատասխանում Սեյրան Խաչատրյանին հոգեբուժարան տանելու մասին լուրերը եւ թե ինչու են նրան տարել հոգեբուժարան, փաստաբանը չցանկացավ որեւէ բան հայտնել:
Նշենք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքն՝ Աղալարը, անցած շաբաթվա վերջին տեղափոխվել է հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ: Աղալարը փաստացի «հոսպիտալացվել» է անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ տարածքում տեղի ունեցած ծեծի գործով վերահսկող դատախազը հրահանգել է խստացնել Սեյրան Խաչատրյանի եւ նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը:





























