Հայաստանի ավիացիան եկամտաբեր չի լինի առանց տարածաշրջանային ուղեւորների ներգրավման: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, «Տեր-Տաճատյան» խորհրդատվական ընկերության ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը:

Նրա խոսքով, չի կարելի միայն ներքին շուկայի ուղղությամբ աշխատել, ինչպես դա անում էին «Արմավիա»-ն կամ «Էյր Արմենիա»-ն: «1.5 մլն ուղեւորով նորմալ շուկա չես կառուցի, նոր ինքնաթիռներ ձեռք չես բերի: Ո՞վ ասաց, որ հարկավոր է բավարարվել միայն ներքին շուկայով: Օստապ Բերդերը ճիշտ էր. Երկրի վրա ավելի ու ավելի շատ մարդիկ են ճամփորդում: Պետք է լինեն մարդիկ, որոնք դրա արդյունքում գումար են վաստակում: Նշանակում է՝ հարկավոր է մտածել տարանցիկ չվերթների մասին»,- հավելեց Տեր-Տաճատյանը:

Նա նաեւ նշեց, որ 1998 թվականին Հայաստանը նման փորձ արդեն ունեցել է (այն ժամանակ նա Քաղավիացիայի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալն էր): Այդ շրջանում Ռուսաստանի հարավի եւ Եվրոպայի միջեւ կանոնավոր օդային հաղորդակցություն չկար, եւ հիմա դեռ կարելի է դրանով վաստակել: «Այնպես որ, հնարավոր է, մեր ավիաընկերությունները մտածելու բան ունեն»,- հավելեց Արմեն Տեր-Տաճատյանը: