Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Վեդիի նստավայրում դեռեւս շարունակվում է «Խոսրովի անտառ»-ից «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսի աղմկահարույց գործի դատավարությունը:

Օգոստոսի 13-ին կայացած դատական նիստում ցուցմունք տվեց ընթերակա Կարո Հովհաննիսյանը, որը պնդեց, թե խուզարկության արձանագրության տակ ստորագրել է՝ առանց կարդալու այն:

«Նորիկ Սարգսյանենց տնից մի 500 մետր հեռավորության վրա շինարարության վրա աշխատում էի, քննիչը կանչեց, թե արի տես՝ երկու հրացան ենք տանում էդ դոմիկից, ստորագրի, որ տեսել ես: Ես էլ եկա, հրացանները սեղանի վրա դրված էին, մտա ստորագրեցի ու դուրս եկա: Քննիչն ասաց, որ ինձ դատարան չեն կանչի, դու ստորագրի: Դե ես էլ ստորագրեցի: 2-3 րոպե եմ մնացել ընդամենը»,- ասաց ընթերական:

Պաշտպանական եւ մեղադրող կողմերի հարցերին, թե առանց կարդալու ինչպես եւ ինչու է ստորագրել խուզարկության արձանագրությունը, Կարո Հովհաննիսյանը միեւնույն պատասծխանը տվեց. «Քննիչն ասաց՝ դատարան չենք կանչի»:

Հարցին, թե այնուամենայնիվ, ինքը մասնակցել է խուզարկությանը, իր ներկայությամբ ինչ իրեր են հայտնաբերվել, ընթերական նշեց, թե ինքը միայն երկու հրացան է տեսել սեղանին:

Նշենք, որ դատաքննության ժամանակ ուսումնասիրվել է տեսանյութ, որտեղ խուզարկության կադրեր են, այնտեղ է նաեւ ընթերակա Կարո Հովհաննիսյանը:

«Ես էնտեղ չեմ եղել, դոմիկ չեմ մտել, մի քանի րոպեով եմ մտել, ստորագրել ու գնացել: Ոչ մի բանից տեղյակ չեմ, չեմ տեսել, չեմ լսել»,- կրկին պնդեց ընթերական:

Կարո Հովհաննիսյանի խոսքով՝ մյուս ընթերական՝ Գեղամ Պետրոսյանը, նույնպես խուզարկությանը չի մասնակցել, միասին մտել են տնակ, ստորագրել եւ միասին հեռացել: Գեղամ Պետրոսյանը դատական նիստին ներկա չէր, քանի որ արձանագրության մեջ նշված հասցեն իրականությանը չի համապատասխանում:

Դատավոր Լեւոն Արազյանը նիստը հետաձգեց մինչեւ սեպտեմբերի 1-ը, որպեսզի ընթերակայի գտնվելու մասին տեղեկություն ձեռք բերեն եւ վերջինիս դատարան հրավիրեն:

Նշենք, որ Խոսրովի անտառի աղմկահարույց որսագողության գործը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դեռեւս 2014թ. մարտին եւ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան: Արդեն մեկ տարուց ավելի է՝ առաջին ատյանը քննում է գործը:

Ի դեպ, առաջին ատյանով 2 տարվա ազատազրկման դատապարտված Նորիկ Սարգսյանն արդեն կրել է պատիժը:

Գործով մեղադրվում են  Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների պահպանության գումարտակի ոստիկան Նորիկ Սարգսյանը և նրա կինը` Մարինե Գրիգորյանը ձեռք են բերել որսորդական հրացաններ, փամփուշտներ, գործարանային և ինքնաշեն թակարդներ, ձկնորսական էլեկտրական և գիշերային լուսավորման սարքեր, ձի, հանդերձանք, այլ պարագաներ: Նրանք 2011թ. հունվարից 2012թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության աշխատակցի դիրքն օգտագործելով, պարբերաբար մուտք են գործել «Խոսրովի անտառ» պետական արգելոց, որտեղ կատարել են Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների որս: Ամուսինները մասնավորապես որսացել են մեկ կովկասյան գորշ արջ, բեզոարյան երկու այծ, 11 գլուխ խոզ եւ կարմրախայտ տեսակի 80 ձուկ:

Գործի հարուցման ու քննության համար հիմք են ծառայել բնապահպան-ակտիվիստների բացահայտումները: Նրանք 2012թ. սեպտեմբերին Խոսրովի անտառում հայտնաբերել են որսագողության տարբեր հանցանշաններ, տեսաձայնագրել այդ ամենն ու հրապարակել ԶԼՄ-ներով: