Ես, օրինակ, կարծում եմ, որ միանգամայն բավարար է խորհրդարանի 3/5 ձայների մեծամասնությամբ ընտրել երկրի նախագահին, ինչպես դա անում են խորհրդարանական մի շարք երկրներում, բայց հանձնաժողովը ընտրել է ավելի բարդ տարբերակ՝ ընտրված նախագահին բարձր լեգիտիմություն տալով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը: Ներկայացնում ենք նրա հետ մեր հարցազրույցը:
Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրության նոր նախագծով ամրագրված երկփուլ ընտրությունների մասին դրույթը, որը Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է հանել:
Վենետիկի հանձնաժողովը առաջարկել է հանել Սահմանադրությունից եւ դա ամրագրել «Ընտրական օրենսգրքով»: Ուղղակի Սահմանադրական հանձնաժողովը որոշել է այդ դրույթը ամրագրել Սահմանադրության մեջ, որ հետագայում հեշտ չլինի այն փոփոխել, որովհետեւ ինչ-որ պահի քաղաքական կոնյուկտուրան կարող է փոխվել եւ տվյալ պահի քաղաքական ուժերը կարող են այն «Ընտրական օրենսգրքից» հեշտությամբ վերացնել: Ես դրան նորմալ եմ վերաբերում, դա հիմնական օրենքում մի դրույթի ամրագրում է, որը կարելի է նաեւ ամրագրել «Ընտրական օրենսգրքում»: Հանձնաժողովը հայտարարել է, որ դա եւ մի շարք այլ դրույթներ դոգմա չեն, կարող են փոխվել:
Այդ դրույթի համաձայն՝ եթե որեւէ ուժ չի հավաքում 50 տոկոսից ավելի, 1-ին եւ 2-րդ տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերի միջեւ նոր ընտրություն է տեղի ունենում, որպեսզի որեւէ ուժ արհեստականորեն ԱԺ-ում ունենա 50 տոկոսից ավելի մանդատ:
Հենց դրա համար էլ արված է, իմաստն այն է, որ որեւէ ուժ կամ դաշինք ունենա կայուն մեծամասնություն, եւ դա որոշվի ժողովրդի կողմից, ոչ թե քաղաքական սակարկությունների միջոցով ընտրություններից հետո Աժ-ում: Ընտրվել է այս տարբերակը, որ մենք ունենանք քաղաքական մեծամասնություն խորհրդարանում, որը խնդիր չունենա ձեւավորելու Կառավարություն եւ քաղաքականություն իրականացնելու:
Սահմանադրության նոր նախագծով ամրագրվում է, որ ԱԺ-ում նոր խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, ինչը Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է հանել: Ինչո՞վ է պայմանավորված նման դրույթի ներառումը:
Հիմա էլ է այդպես, նոր բան չկա, խմբակցություններ չեն կարող ձեւավորվել, կարող են պատգամավորական խմբեր ձեւավորվել խմբակցություններից դուրս եկած անդամներից: Սրանք իսկապես լուրջ քաղաքական հարցեր չեն, էականը դա չէ: Էականն այն է, որ անցում է կատարվում խորհրդարանական համակարգի, հանրապետության նախագահի լիազորությունները էապես կրճատվելու են, եւ իշխանությունը անցնելու է քաղաքական մեծամասնությանը եւ դրա կողմից ձեւավորված Կառավարությանը:
Սահմանադրության նոր նախագծով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ, այդ թվում ԿԲ, ԿԸՀ նախագահները, գլխավոր դատախազը ընտրվելու են ԱԺ 3/5-րդ մեծամասնության կողմից: Հնարավո՞ր է Հայաստանում քաղաքական մեծամասնությունն ու ընդդիմությունը լինեն համակարծիք լինեն այս հարցերում:
Ւհարկե, հնարավոր է, դա արված է նրա համար, որ պատահական մարդիկ չընտրվեն եւ քաղաքական կոնսենսուս լինի թեկնածության վերաբերյալ, որ իսկապես արժանի մարդիկ լինեն այդ կարեւոր պաշտոններում:
Սահմանադրության նախագծում նշվում է նաեւ, որ երկրի նախագահին ընտրում է ընտրիչների ժողովը, որը կազմված է պատգամավորներից եւ ՏԻՄ ներկայացուցիչներից: Սակայն չի նշված, թե ինչպես են ընտրվելու ՏԻՄ-ը ներկայացնող ընտրիչները:
Ընտրվելու են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով: Դա քննարկելու հարց է, ես, օրինակ, կարծում եմ, որ միանգամայն բավարար է խորհրդարանի 3/5-ով ընտրել երկրի նախագահին, ինչպես դա անում են խորհրդարանական մի շարք երկրներում, բայց հանձնաժողովը ընտրել է ավելի բարդ տարբերակ՝ ընտրված նախագահին բարձր լեգիտիմություն տալով: Չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, դա քննարկելու հարց է, կքննարկվի Սահմանադրական քննարկումների ժամանակ:
Առաջին անգամ է, որ վերպետական միջազգային կառույցներին Հայաստանի անդամակցությունը որոշվելու հանրաքվեի միջոցով:
Տրամաբանությունն այն է, որ ժողովուրդը որոշի, թե որ տնտեսական միությանը կամ դաշինքին ենք մենք միանում: Օրինակ՝ շատ են քննադատում, որ միանձնյա որոշում է կայացվել ԵՏՄ-ին անդամակցելու, թեեւ վստահ եմ՝ ժողովրդի մեծամասնությունը դրա կողմնակիցն է: Սահմանադրական հանձնաժողովը փորձել էհետագայում նմանատիպ քննադատությունները բացառել:
Եթե, իսկապես, նոր սահմանադրությունն այդքան լավն է եւ ընդդիմությանը լայն հնարավորություններ է տալիս, ինչո՞ւ է ընդդիմությունը դեմ է դրան:
Ընդդիմություն ասելով՝ նախ պետք է տարանջատենք՝ ում նկատի ունենք: Դաշնակցությունը ընդդիմություն է, բայց երկու ձեռքով կողմ էայս փոփոխություններին, կան ընդդիմադիր ուժեր, այդ թվում՝ խորհրդարանում ներկայացած, որոնք հստակ չեն արտահայտվել՝ ինչին են կողմ, ինչին՝ դեմ, երբ կլինեն պաշտոնական հայտարարություններ, պարզ կլինի՝ ով է դեմ, ինչին: Բայց խոսել ընդդիմության մասին, որ բոլորը դեմ են, ճիշտ չեն: Այս Սահմանադրությունը ձեռնտու է ընդդիմությանը, որովհետեւ եւ խորհրդարանին, եւ իրենց մեծ լիազորություններ է վերապահվում, ինչի համար իրենք պայքարել են տասնամյակներ: Միայն այն, որ Սահմանադրության մեջ ամրագրվում է 100 տոկոսանոց համամասանական ընտրակարգ, ինչը կարող էր «Ընտրական օրենսգրքով» արվեր կամ տարիներ շարունակ խոսում էին խորհրդարանական համակարգի անցնելու մասին, այժմ այն ամրագրվում է Սահմանադրությամբ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը





























