Հայտնի իրավապաշտպաններ Յունուսովների գործով դատավճիռն Ադրբեջանի՝ երբեմնի ակտիվ քաղաքացիական հասարակության համար որպես մահազդ կհնչի: Այս մասին բրիտանական «The Guardian» պարբերականում գրել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի պատվավոր նախագահ Սուեր Բելհասենը՝ հավելելով, որ այդ նույն քաղաքացիական հասարակությունը, որը դեմ էր հանդես գալիս 2012 թվականին Բաքվում «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման մասին որոշման դեմ, քայքայվել է:
Նրա խոսքով, սպասվում է, որ ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուսովների գործով շուտով երկարատեւ ժամկետներով ազատազրկման դատավճիռ կկայացվի: «Ավելի քան 10 տարի Ադրբեջանն անամոթաբար խավիարային դիվանագիտություն է օգտագործում, որպեսզի հմայի եվրոպական կառավարություններին՝ իր համար շատ կարեւոր նավթային եւ գազային հաճախորդներին: Իր հերթին, Եվրոպան աչք է փակում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա: Հանուն Լեյլա եւ Արիֆ Յունուսովների եւ Ադրբեջանի բոլոր ակտիվիստների, անպատժելիությունը պետք է անհապաղ ավարտվի»,- գրել է իրավապաշտպանը:
Նա հիշեցրել է, որ ներկայում քաղաքացիական հասարակության տասնյակ ակտիվիստներ բախվում են նույն ճակատագրին. նույնպիսի շինծու մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ արդեն երկարատեւ ազատազրկման են դատապարտվել: «Ի հիասթափություն Ադրբեջանի կառավարության՝ այս ամառ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերն առաջին հերթին նպաստեցին, որպեսզի լույս սփռվի երկրում շարունակվող մարդու իրավունքների խախտումների խնդրի վրա»,- նշել է Բելհասենը:
Իրավապաշտպանը կարծում է, որ եվրոպական առանձին կառավարություններ պետք է անհապաղ եւ վճռականորեն դեմ հանդես գան նախագահ Ալիեւի սանձազերծած բռնաճնշումների արշավի դեմ: «Եվրոպական կառավարությունները պետք է հստակ պայմաններ առաջադրեն՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները շարունակելու համար. Լեյլա եւ Արիֆ Յունուսովները, ինչպես նաեւ բոլոր իրավապաշտպաններն ու քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, հասարակական կազմակերպությունների մասին օրենքները պետք է փոխվեն, ՀԿ-ների եւ ակտիվիստների բանկային հաշիվները պետք է ապասառեցվեն: Քաղաքացիական հասարակության սուբյեկտները պետք է հնարավորություն ունենան աշխատել առանց սահմանափակումների կամ հաշվեհարդարից վախի: Մարդու, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների պաշտպանությունը պետք է տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերից ավելի կարեւոր լինեն»,- ամփոփել է Բելհասենը:




























