Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը՝ «Նեա դեմոկրատիա» (Նոր ժողովրդավարություն), հայտարարել է, որ չի պաշտպանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին՝ կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկության ժամանակ, որը կարող է տեղի ունենալ օգոստոսի 20-ից հետո, հաղորդում է Reuters-ը:

«Նեո դեմոկրատիան» վստահությո՞ւն հայտնի կառավարությանը. դա երբեք չի լինի»,-ասել է պատգամավոր Մակիս Վորիդիսը՝ վարկային պայմանագրի քվեարկությունից հետո, հաղորդում է Gazeta-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ Հունաստանի կառավարությունը հավանություն է տվել միջազգային վարկատուների հետ համաձայնագրին: Երկրի խորհրդարանը նույնպես կողմ էր քվեարկել «Եվրոպական կայունացման մեխանիզմի կողմից ֆինանսական աջակցության մասին համաձայնագրի նախագծի վավերացման» օրինագծին: