Մեքսիկացի գիտնականները Յուկատան թերակղզում գտնվող մայաների սրբազան Չիչեն Իցե քաղաքում Կուկուլկանայի բուրգի տակ լիճ են հայտնաբերել:

Հայտնաբերված ստորգետնյա լճի լայնքը 25-30 մետր է, խորությունը՝ 20 մետր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հիմա արդեն հնագետները պետք է պարզեն, արդյո՞ք բուրգը կառուցելուց առաջ մայաներն իմացել են լճի գոյության մասին:

Չիչեն Իցեն հիմնվել է, ենթադրաբար, մ.թ. VI դարում: XVI դարում, երբ սկսվել է իսպանացիների կողմից Ամերիկայի գաղութացումը, այն արդեն մի քանի հարյուրամյակ ամայի է եղել:

Քամու եւ ջրի, կրակի եւ օդի աստված Կուկուլկանայի բուրգը համարվում է հին քաղաքի գլխավոր տեսարժան վայրը, որը 1988 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: