Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին հուլիսի 23-ին տեղի ունեցած ողբերգական վթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը դեռեւս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ վարորդրին գտնելու համար հետախուզում է հայտարարվել:
Նշենք, որ այդ վարորդը՝ Կապանի 36-ամյա բնակիչ Ա.Հովհաննիսյանը, իր կողմից վարած «Մերսեդես-Բենց E320» ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նշված գոտով ընթացող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային, ապա դիմել փախուստի:
Փախուստի դիմած վարորդի հետ մեքենայում են եղել 4 ուղեւոր. Գ.Գասպարյանը, Ա.Ալեքսանյանը և Հ.Ալեքսանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ 4-ամյա Մ.Ալեքսանյանը մահացել է:
Մյուս մեքենայում եղած երեք ուղեւորները մահացել են:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:





























