Թուրքիայում «Մեծ միություն» կուսակցությունը դիմել է երկրի իշխանություններին` խնդրելով թույլ տալ 2011 թվականին մահմեդականների համար սուրբ Ռամադան ամսին կրոնական արարողություն անցկացնել Ստամբուլի հայտնի Սուրբ Սոֆիայի տաճարում:

Նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառն այն է, որ օգոստոսի 15-ին Տրապիզոնի նահանգում բյուզանդական Պանագիա Սումելա վանքում 1923 թվականից ի վեր առաջին անգամ ուղղափառ պատարագ է մատուցվել, որը գլխավորել է Պոլսո հույն պատրիարք Բարդուղիմեոսը: Պատարագին մասնակցել է մի քանի հազար մարդ Հունաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ այլ երկրներից: Պատարագի կատարումը համընկել է Աստվածամոր վերափոխման տոնի, Պանագիա Սումելայի սրբապատկերի տոնի եւ Ռամադան ամսվա սկզբի հետ:

«Ինչպես հայտնի է, օգոստոսի 15-ին Սումելա վանքում, որն ուղղափառների համար պատմական եւ սուրբ վայր է, իշխանությունները թույլ են տվել պատարագ անցկացնել: Նման պատարագ կարող են կազմակերպել տարին մեկ անգամ, իսկ մնացած ժամանակ վանքը համարվում է թանգարան»,- լրագրողներին ասել է կուսակցության տեղական կառույցի ղեկավար Բայրամ Քարաջանը: Նա ընդգծել է, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական նշանակություն ունի ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար, ուստի անհրաժեշտ է հաշվի առնել մահմեդականների զգայական մոտեցումները:

Նշենք, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 4-րդ դարում եւ համարվում է բյուզանդական ճարտարապետության ամենացայտուն հուշարձաններից մեկը, ինչպես նաեւ Բյուզանդիայի «ոսկե դարի» խորհրդանիշը:

1453 թվականին Կոստանդնուպոլիսը թուրքերի կողմից գրավվելուց հետո, տաճարը վերածվել է մզկիթի` շրջապատված 4 մինարեթներով: Թուրքերեն տաճարը կոչվում է «Այա Սոֆիա»: 1934-ին տաճարն ստացել է թանգարանի կարգավիճակ: