Ֆրանսիական Charlie Hebdo ամսագիրը 2014-ի մարտին կորած մալազիական Boeing-ի բեկորների վերաբերյալ ծաղրանկար է հրապարակել։ Ինչպես հաղորդում է the Malaysian Insider-ը, ծաղրանկարը վրդովեցրել է զոհվածների հարազատներին։
Այսպես, 18-ամյա Մայրա Էլիզաբեթը, որը զոհված ուղեկցորդի աղջիկն է, ծաղրանկարն անվանել է «հիմար եւ վանող»։ «Ամսագրի կողմից դա էթիկայի խախտում է, որովհետեւ վիրավորում է ամեն ինչ եւ բոլորին», — հայտարարել է աղջիկը, փոխանցում է Gazeta-ն։
39-ամյա Կելվին Շիմը, որն աղետի հետեւանքով կորցրել է կնոջն ու մենակ է դաստիարակում երկու երեխային, եւս չափազանց վշտացած է։ Շիմի կարծիքով ֆրանսիական պարբերականի ընթերցողներն «ակնհայտորեն չեն հասկանում, թե ինչ է նշանակում, երբ ընտանիքի անդամներն անհետ կորում են»։





























