Հանրապետության հրապարակում այսօր` օգոստոսի 14-ին, տեղի է ունեցել ընդհարում ՀԾԿՀ անդամների հրաժարականը և ՀԷՑ-ի ազգայնացում պահանջող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության և ոստիկանության միջև: NEWS.am-ի հետ զրույցում նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ Հանրապետության հրապարակի «գորգի» դիմացից ոստիկանները հեռացել են և դեպի Հանրապետության հրապարակի կենտրոն տանող ճանապարհը բաց է եղել, նախաձեռնության անդամներն էլ դա տեսնելով` պաստառները տեղափոխել են կենտրոն: Սակայն, ոտիկանությունը հայտնվել և հեռացրել է ցուցարարներին այդտեղից:
«Ոստիկանությունը հայտնվեց ու սկսեց խոչընդոտել մեր գործողությունները, ճանապարհը կրկին փակեցին, վերականգնեցին կենդանի շղթան: Մեծ ընդհարում չի եղել մեր միջև, քննարկման արդյունքում ընդհանուր հայտարարի եկանք: Ի վերջո, ոստիկանությունն էլ հասկացավ, որ իր մեղավորությունն է, որ հերթափոխի ժամանակ «գորգի» դիմաց ոստիկանական պատ չի եղել, մենք հայտնեցինք, որ, եթե ոտիկանական պատնեշ չկա, մենք իրավունք ունենք անցնել կենտրոն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Ի սկզբանե էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը չեղարկելու պահանջով նստացույց սկսած նախաձեռնությունը վերանայել է իր պահանջները եւ այժմ պահանջում է ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում:





























