ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովում խնդիրներից մեկը կլինի «հարավային ուղղությամբ» իրադրության վերլուծությունը: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ում մշակված են մեխանիզմներ` կոչված անդամ-երկրներին պաշտպանելու արտաքին ագրեսիայից, միջազգային ահաբեկչության, միջազգային նարկոթրաֆիկի վտանգներից, ընդհանուր առմամբ միջազգային կազմակերպված հանցավորությունից: Այս մեթոդներն ընդգրկում են նաեւ արագ արձագանքման հավաքական ուժերը:

«Բոլոր պետությունները, որոնք ստորագրել եւ վավերացրել են Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը, իրենց համապատասխան ստորաբաժանումներն են տրամադրել այդ ուժերին: Նշված ստորաբաժանումները ոչ միայն զորամիավորումներ են իրենցից ներկայացնում, այլեւ իրավապահ ոլորտի կառույցներ, որոնք պայքարում են միջազգային մարտահրավերների` ահաբեկչության, նարկոթրաֆիկի, կազմակերպված հանցավորության դեմ, եւ արձագանքում են, ի դեպ, նաեւ արտակարգ իրավիճակներին:

Բացի այդ ՀԱՊԿ-ում կազմակերպության խաղաղարար ներուժի ստեղծման որոշում է կայացվել, այժմ ընթանում է նաեւ այդ ուժերի ձեւավորումը: Հուսով ենք, որ ապագայում նրանք կարող են Հավաքական անվտանգության Խորհրդի, ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների որոշմամբ ընդգրկվել տարբեր խաղաղարար գործողություններում: Ի դեպ, դրանք կարող են խաղաղարար գործողություններ լինել նաեւ ԵԱՀԿ-ում կամ ՄԱԿ-ի մանդատով. ՀԱՊԿ խաղաղարար ուժերի ձեւավորման հիմքում ընկած փաստաթղթերով նաեւ դա է ենթադրվում»,- ասել է Լավրովը:

Այնուհետեւ անդրադառնալով Ղրղըզստանում տեղի ունեցած դեպքերին, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման դեպքերում ՀԱՊԿ արդյունավետության բարձրացման ուղղությամբ հավելյալ ջանքեր պետք է գործադրվեն:  «Խնդիրն այն է, որ Ղրղըզստանում ստեղծված իրադրությունը չի ենթադրում ՀԱՊԿ ուժերի ներգրավում, քանի որ այն պայմանավորված է ներքին քաղաքական իրադարձություններով: ՀԱՊԿ կանոնադրությամբ այս իրավիճակը ենթակա չէ այս կամ այն կայունացնող միջոցառման կիրառմանը»,- նշել է Լավրովն ու ընդգծել. «Կազմակերպության շրջանակում, ինչպես նաեւ լրատվամիջոցներով այդ դեպքերի կապակցությամբ հնչում է այն հարցը, թե ինչպես ՀԱՊԿ-ն առավել արդյունավետ կարող էր նախ կանխել նման իրավիճակի ստեղծումը, ինչպես եւ պրոֆիլակտիկ առումով  կանխարգելել նման անկարգությունները: Հարցը խրթին է, այն, ինչպես նշեցի, կապված է ՀԱՊԿ կանոնադրության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիմնարար սկզբունքի հետ: Որոշ միջոցառումներ կարող են, իհարկե, քննարկվել, սակայն միայն այս հիմնարար դրույթների շրջանակում»: