Վրաստան կատարած այցի երկրորդ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Վրաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, որտեղ կայացել է երկու երկրների գյուղնախարարների առանձնազրույցը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գյուղատնտեսության բնագավառում հարաբերությունների ընդլայնման եւ նոր ուղղություններով փոխգործակցության զարգացման շուրջ:
Կողմերը նշել են, որ անհրաժեշտ է երկուստեք ջանքեր ներդնել հատկապես ապրանքաշրջանառության ծավալների մեծացման եւ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ընդգծելով առկա ներուժի առավելագույնս արդյունավետ իրացման կարեւորությունը:
Երկու հարեւան երկրների ագրարային ոլորտի պատասխանատուներն առանձնացրել են փորձի փոխանակման հնարավորությունները մասնավորապես ձկնաբուծության ոլորտում եւ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի» (ENPARD) շրջանակում, որն ուղղված է գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացմանը:
Հանդիպման ավարտից հետո Սերգո Կարապետյանը եւ Օթար Դանելիան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Հայաստանի գյուղնախարարը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով համագործակցության ընդլայնման հեռանկարներին, իր խոսքում հատկապես կարեւորել է գյուղացիական կոոպերատիվների խթանման, ապահովագրական համակարգի ներդրման ուղղություններով գործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Նախարարը հավելել է, որ Վրաստանի համար կարող է օգտակար լինել խաղողի սեղանի սորտերի աճեցման տեխնոլոգիաների, ինչպես նաեւ ջերմոցային տնտեսությունների զարգացման հայկական փորձը:
Առանձնահատուկ կարեւորվել է փոխայցելությունների ակտիվացումը երկու հարեւան երկրների միջեւ ինչպես պաշտոնական մակարդակում, այնպես էլ մասնագիտական շրջանակներում:
Նախարարները եւս մեկ անգամ ընդգծել են ձեռներեցության խթանման կարեւորությունը համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` մատնանշելով հայ եւ վրացի գործարարների համատեղ ներդրումներով ստեղծված «Իխտիոսի» ձկնաբուծարանի հաջողված օրինակը:
Նախարար Կարապետյանն այցելել է նաեւ Վրաստանի սննդամթերքի անվտանգության գործակալություն եւ գիտական կենտրոն, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Այնուհետեւ Սերգո Կարապետյանն իր վրացի պաշտոնակցի ուղեկցությամբ ուղեւորվել է Կախեթի, որտեղ այցելել է «Կինձմարաուլիս մարանի» գինեգործական ընկերություն, «Մեխանիզատոր» ծառայությունների կենտրոն:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























