«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը գազի սակագնի վերանայման հարց օրակարգում չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը՝ պատասխանելով հարցին, թե սահմանին գազի գնի իջեցումն ինչքանով է ազդելու բնակչության վրա:

«Տեւական ժամանակ բանակցություններ էին ընթանում կողմերի միջեւ սահմանի վրա գազի գինը նվազեցնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով փոխարժեքի տատանման հետեւանքով կրած ազդեցությունը: Գործող սակագնի հիմքում ընկած է դոլարի 416 դրամ փոխարժեքը, սակայն դեռ տարեսկզբից դոլարի պաշտոնական փոխարժեքը զգալիորեն տարբերվում է գործող սակագնի փոխարժեքից: Հետեւաբար, ընկերությունը պետք է սակագնի վերանայման հայց ներկայացներ, սակայն կողմերի ձեռք բերված համաձայնությամբ՝ որոշվեց սահմանի վրա գինը նվազեցնել՝ պահպանելով ներքին սպառողական շուկայում գործող սակագինը»,- ասաց Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2015թ. ապրիլին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը «Ռոսիա 24» հեռուստաալիքին իր տված հարցազրույցում հայտարարել է գնի նվազեցման մասին: Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուս համանախագահ Մաքսիմ Սոկոլովին ընդունելով, հայտարարել է, որ հունվարի 1-ից Հայաստանը ռուսական գազը  սահմանին գնում է 1000 խորանարդ մետրը 165 դոլարով նախկին 189 դոլարի փոխարեն: Միայն օգոստոսի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ է հայտարարվել, որ Ռուսաստանն արդեն օրինականացրել է սահմանին Հայաստանի համար արտոնյալ գինը` 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար: