ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումների եւ համաշխարհային Ունիվերսիադայի մրցանակակիր ուսանող-մարզիկների պարգեւատրման արարողությունը: Ողջունելով հաղթող մարզիկներին եւ նրանց մարզիչներին` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Որպես Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ` միշտ հետեւում եմ ձեր ելույթներին եւ ամեն անգամ հպարտություն զգում ձեր հաջողություններով, որոնք դառնում են նաեւ իմ հաջողությունը:

Վերջին տարիների ջանքերի շնորհիվ ուսանողական սպորտը նոր նվաճումներ է արձանագրել` անկախ առկա դժվարություններից, հատկապես բուհերում «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման, ինչպես նաեւ մարզական ենթակառուցվածքների ոչ բավարար զարգացվածության աստիճանի հետ կապված: Սակայն առկա խնդիրները չեն խոչընդոտում` մեր լավագույն ուսանող-մարզիկներին բարձր պահել ՀՀ պատիվը եւ ծածանել մեր եռագույնը միջազգային հարթակներում: Ուզում եմ հավատալ, որ սրանով ձեր «հաջողության պատմությունները» չեն ավարտվի, ուստի ակնկալում եմ նոր նվաճումներ»,-նշել է նախարարը` հաղթող մարզիկներին շնորհակալություն հայտնելով նվիրումի եւ հետեւողական աշխատանքի համար:

2015թ. անցկացված համալսարանական սպորտի խոշորագույն միջազգային միջոցառումներին եւ համաշխարհային Ունիվերսիադային ցուցաբերած բարձր ցուցանիշների համար ներքոնշյալ ուսանող-մարզիկներին եւ նրանց մարզիչներին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգեւատրել է ԿԳՆ պատվոգրերով:

Արթուր Թովմասյան-2015թ.հուլիսի 3-ից 14-ը Կորեայի Գվանգջու քաղաքում կայացած համաշխարհային Ունիվերսիադային օղակներ վարժությունում գերազանցելով աշխարհի ճանաչված բոլոր մարմնամարզիկներին` արժանացել է ոսկե մեդալի

Կարեն Բաղդասարյան- ՀՀ վաստակավոր մարզիչ, Արթուր Թովմասյանի անձնական մարզիչ

Էրիկ Գեւորգյան- 2015թ. հուլիսի 23-ից 26-ը Մոնտենեգրոյի հանրապետության Զաբիակ քաղաքում կայացած համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացայի կարատեի առաջնությանը Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողը 60կգ քաշային դասակարգում արժանացել է բրոնզե մեդալի

Վարդան Գեւորգյան- Էրիկ Գեւորգյանի մարզիչ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆուտզալի թիմ- 2015թ. օգոստոսի 2-9-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում Եվրոպայի համալսարանական ֆուտզալի առաջնությանը մասնակցել է 2014-2015թթ. ՀՀ ֆուտզալի բարձրագույն խմբի առաջնության հաղթող՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տղաների թիմը: Մասնակից 14 երկրի 22 թիմի պայքարում հայկական թիմը զբաղեցրել է 9-րդ տեղը` այսպիսով իրավունք ստանալով մասնակցել 2015-2016թթ. Եվրոպայի ֆուտզալի գավաթի խաղարկությանը, որը կկայանա ս/թ օգոստոսի 25-30-ը Մոլդովայի Քիշինեւ քաղաքում:

Նշենք նաեւ, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մարզիկներին արժանացրել է դրամական խրախուսանքի: