ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը այսօր՝ մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով, որտեղ կոչ է անում միանալ #ShareHumanity արշավին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Այսօր՝ Մարդասիրության համաշխարհային օրը, մենք բարձր ենք գնահատում ողջ աշխարհի այն աշխատակիցների եւ կամավորների անշահախնդիր նվիրվածությունն ու անձնուրաց աշխատանքը, ովքեր իրենց կյանքը,  հաճախ անձնական մեծ ռիսկի գնով, նվիրում են  աշխարհի բնակչության ամենախոցելի խմբերին օգնելուն:

Այս տարի ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ եւ երեխա ունեն մարդասիրական օգնության կենսական կարիք: Հակամարտություններից տուժած մարդկանց թիվը հասել է այնպիսի մի մակարդակի, որը չէր գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միաժամանակ զգալի է նաեւ բնական եւ մարդածին աղետների հետեւանքով տուժածների թիվը:

Այս օրը, մենք հարգանքի տուրք են մատուցում նաեւ մեր ընդհանուր մարդասիրությանը: Ընտանիքներն ու համայնքները, որոնք այսօր պայքարում են ստեղծված արտակարգ պայմաններում գոյատեւելու համար՝ ցուցաբերում են տոկունություն ու արժանապատվություն: Նրանք կարիք ունեն եւ արժանի են, որպեսզի մենք կրկին մեզ վրա վերցնենք ամեն հնարավորը անելու նոր պարտավորություն՝ տրամադրելով նրանց միջոցներ ավելի լավ  ապագա կառուցելու համար:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել իրավիճակը: Այսօրվա աշխարհում, որտեղ մարդիկ, հաղորդակցվելով էլեկտրոնային միջոցներով, ավելի սերտ են կապված միմյանց հետ քան երբեւէ,  մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի եւ պարտավոր է ոգեշնչել իր ընկերներին եւ ծանոթներին օգնել մյուսներին՝ ավելի մարդկային աշխարհ կառուցելու համար:

Մարդասիրության համաշխարհային օրը ես կոչ եմ անում բոլորին որպես այս աշխարհի քաղաքացիներ, ցուցաբերել համերաշխություն եւ միանալ #ShareHumanity արշավին: Ընդամենը մեկ օր սոցիալական ցանցերի ձեր էջերը նվիրելով այս արշավին՝ դուք կարող եք խթանել մարդասիրական գործողությունները եւ օգնել ձայն տալու բոլոր նրանց, ովքեր զրկված են այդ ձայնից՝ կիսվելով ճգնաժամի, հույսի եւ ճկունության մասին նրանց պատմություններով:

Մյուս տարի մայիսին,  Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում տեղի կունենա Մարդասիրության հարցերով համաշխարհային գագաթաժողովը: Գագաթաժողովը հարթակ կտրամադրի պետությունների ղեկավարներին, կառավարություններին, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի, ճգնաժամից տուժած համայնքների առաջնորդներին եւ բազմաբնույթ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին բարձրաձայնել նոր եւ համարձակ համագործակցությունների եւ նախաձեռնությունների մասին, որոնք մեծապես կնվազեցնեն տառապանքները եւ, միեւնույն ժամանակ, կամրապնդեն Կայուն զարգացման 2030 օրակարգը:

Ես հույս ունեմ, որ հասարակության բոլոր խավերի օժանդակությամբ, Մարդասիրության հարցերով համաշխարհային գագաթաժողովը կպսակվի հաջողությամբ: Միասին մենք կարող ենք եւ պարտավոր ենք կառուցել ավելի մարդկային աշխարհ՝ մարդկային կյանքեր փրկող մարդասիրական գործողությունների ծավալման առավել խորը նվիրվածությամբ»: