2015թ. նոյեմբերի 21-ից 23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք սպորտային պարերի աշխարհի առաջնությանը մասնակցելու է նաև Հայաստանը:
Սպորտային պարերի տարվա գլխավոր ստուգատեսին Հայաստանը ներկայացնելու են երիտասարդ պարողներ Կարեն Գևորգյան և Թագուհի Մարկոսյանը:
Կարենն ու Թագուհին հաղթել են այս տարվա սպորտային պարերի Հայաստանի առաջնությունում և նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ պարային զույգը նշեց, որ մեկ տարուց ավել է` պարում են միասին։
«Մենք առաջին անգամ ենք մասնակցում նման լուրջ միջոցառման: Կփորձենք հնարավորինս լավ ելույթ ունենալ, քանի որ Հայաստանի անունից ենք ներկայանում»,-ասաց Կարենը՝ հավելեով, որ աշխարհի առաջնությանը հիմնականում աշխարահռչակ սպորտային պարողներն են մասնակցում:
Նոյեմբերի 21-ին նրանք հանդես են գալու լատինաամերկյան ոճի պարով։ Թագուհու խոսքով` իրենք հաղթանակի ակնկալիք չունեն` հաշվի առնելով այն փաստը, որ մրցելու են աշխարահռչակ և պրոֆեսիոնալ զույգերի հետ:
Ըստ պարային զույգի` Հայաստանում ներկայում սպորտային պարերը այդքան էլ զարգացած չեն, բայց իրենք որպես պարողներ զգում են առաջընթաց:
«Բանն այն է, որ մեր երկրում սպորտային պարերի նկատմամբ հետաքրքրությունը կարծես նվազել էր, չնայած երիտասարդության կողմից հետաքրքրվածություն դեպի այս ոլորտը մենք նկատում ենք»,- ավելացրեց Թագուհի Մարկոսյանը:
Զույգի պարուսույցն է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեւորգ Մարկոսյանը։ Նրա խոսքով` Հայաստանը հաճախ չի մասնակցում միջազգային առաջնությունների ֆինանսական խնդիրների պատճառով։
«Տարին մեկ անգամ կազմակերպում ենք հանրապետության պաշտոնական առաջնություն, բաց եւ ակումբային առաջնություններ: Միջազգային առաջնությունների հաճախ չենք մասնակցում, քանի որ ֆինանսական խնդիրներ կան: Բայց փորձում ենք գումարներ հայթայթել. ծնողներն են օգնում, մեր ընկերները, եթե ստացվում է՝ հովանավորներ ենք գտնում: Ցավոք, այս տարի հովանավորներ չունենք»,-հավելեց պարուսույցը՝ հույս հայտնելով, որ իր սաները հնարավորինս լավ կներկայանան։


































