Տուրիստական «Անեմի տուրը» ընկերությունը չի վճարում իրեն առանց պայմանագրի, բանավոր համաձայնությամբ ծառայություններ մատուցած Արսեն Կարապետյանի 335.000 դրամ պարտքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Կարապետյանը, որն իր ընկերոջ հետ իրենց սեփական ավտոմեքենաներով ընկերության պատվերով ԼՂՀ-ում 3–օրյա շրջագայություն է կազմակերպել 26 գյումրեցիների համար։

Արսեն Կարապետյանը պատմեց, որ ընկերության տնօրեն Հովհաննես Գյուլնազարյանն իրեն ասել է, որ գումարային հարցերը կլուծեն Երևանում, երբ էքսկուրսիան ավարտեն ու վերադառնան Երևան: Երևան են վերադարձել ուշ ժամի և պայմանավորվել, որ առավոտյան կհանդիպեն ու գումարը կտա: Առավոտյան զանգահարել է հանդիպման համար, սակայն պատասխանող չի եղել: Քիչ անց «Անեմի տուրի» տնօրենը նրան ինտերնետով տեղեկացրել է, որ դժբախտ պատահար է իր հետ տեղի ունեցել և խնդրել է մեկ շաբաթ սպասել: Մեկ շաբաթ անց վարորդը «Ֆեյսբուքով» նամակ է ստացել անծանոթ մեկից։

«Գրել էր, որ Հովհաննես Գյուլնազարյանը այրվածքներով պառկած է հիվանդանոցում, վատ վիճակում է, և երբ հարցրեցի, թե որ հիվանդանոցում է պառկած, որ տեսակցեմ, այլևս  չպատասխանեց: Հետո արդեն տեղեկացել եմ, որ նա ոչ մի հիվանդանոցում էլ պառկած չի եղել, այլ մի խումբ է տարել շրջագայության»,- ասաց Արսեն Կարապետյանը` նշելով, որ սա իր երրորդ համագործակցությունն է «Անեմի տուրի» հետ, նախորդ երկու անգամ «Անեմի տուրն» իրեն վճարել է, թեպետ ավելի քիչ, քան պայմանավորվել էին:

Խնդիրն այն է, որ Արսեն Կարապետյանն ընկերության հետ աշխատել է առանց գրավոր պայմանագրի։ Նրա խոսքով`Հայաստանում դա ընդունված աշխատելաոճ է,  վարորդները սովորաբար տուրիստական կազմակերպության հետ գրավոր պայմանագրով չեն համագործակցում:

Նա նաև նշեց, որ «Անեմի տուրը» գրասենյակային տարածք չունի, իսկ տնօրենը` Հովհաննես Գյուլնազարյանը, տնից է զբաղվում գործերով: Արսեն Կարապետյանի տեղեկություններով` մի քանի ամիս առաջ Հովհաննես Գյուլնազարյանի ընկերությունն այլ անվան տակ է գրանցված եղել` «ՀՍ գրուպ», սակայն մի քանի «սկանդալների» պատճառով փակել է այն:

«Իր նախորդ կազմակերպությունը, որի օգնությամբ կրկին շատ մարդկանց էր խաբում, փակեց, սպասեց մի քանի ամիս, որ խախանդվի վիճակը, հիմա նոր ընկերություն է բացել` «Անեմի տուր» անունով»,- ասաց Արսեն Կարապետյանը:

Նշենք, որ մեզ նույնպես չհաջողվեց կապ հաստատել «Անեմի տուր» ընկերության հետ։ Հեռախոսահամարներից մի քանիսն անջատված էին, մի քանիսին էլ չէին պատասխանում: Ընկերության կայքը, որն այսօր առավոտյան դեռ հասանելի էր, կեսօրից հետո սկսեց չգործել: