Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մորատորիում է հայտարարել առաջիկա երեք տարվա ընթացքում հաստիքների թվի եւ աշխատավարձերի ավելացման վերաբերյալ:
«Ես հայտարարում եմ, որ կմերժվեն բոլոր նոր նախաձեռնությունները` ուղղված պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, հաստիքների, պաշտոնյաների թվի ավելացմանը, գոնե` 2016-2018 թվերի ընթացքում: Բայց եթե իրավիճակը ավելի շուտ կարգավորվի եւ այլ հանգամանքներ լինեն, կանդրադառնանք դրան»,-ասել է Ղազախստանի նախագահը հանրապետության մայրաքաղաք Աստանայում խոշոր ձեռնարկությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում, փոխանցում է Ինտերֆաքսը:
Նա նաեւ հայտարարել է, որ հանրապետության բյուջեն 2015 թվին պակաս կստանա 264 միլիարդ տենգե ( 1,3 միլիարդ դոլար):
«Այժմ արդեն տեսնում ենք, որ մեր բյուջեի վիճակը վատանում է: 2015 թվին բյուջեի դեֆիցիտը գնահատվում է 264 միլիարդ տենգե: Մենք այդ ամենը նախատեսել էինք բյուջեի եկամտային մասում` ամեն տեսակ շինարարությունների, ծրագրերի վրա ծախսելու համար»,-Նազարբաեւի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:




























