Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 20-ին, հետաձգվեց «Վերնիսաժի» գործով քննությունը. դատարան չէր ներկայացել դատախազ Հարություն Սարգսյանը, որն այսօր պետք է հանդես գար  մեղադրական ճառով:

Դատավոր Գագիկ Պողոսյանը նիստի մասնակիցներին հայտնեց, որ մեղադրողը դատարան չի  ներկայացել, քանի որ  վատառողջ է:

Նշենք, որ Հարություն Սարգսյանը այսօր պետք է հանդես գար մեղադրական ճառով եւ նշեր, թե ինչ պատիժ է պահանջում ամբաստանյալների համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբեր 24-ին:

Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել  են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով: