Վրաստանում սարսափելի վթարի հետեւանքով զոհված Լիլիթ Ներսիսյանն աշխատում էր Վարչական դատարանում: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նա աշխատում էր Վարչական դատարանի աշխատակազմում որպես դատավորի գործավար: Լիլիթ Ներսիսյանի ամուսինն էլ Քննչական կոմիտեում է աշխատում, կոչումով՝ գնդապետ, նախկինում տարբեր տարածքներում քննչական բաժնի պետ է եղել: Նա արդեն մեկնել է Վրաստան: Ընտանիքի մոր ու քրոջ մահվան մասին 10-ամյա որդուն ոչինչ դեռ չեն հայտնել, հայրն ասել է, թե գնում է մամային ու քրոջը բերի: Առայժմ հայտնի չէ՝ հոգեհանգիստը երբ կլինի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում ավտովթարից զոհված հայերը մեկնել էին հանգստի: NEWS.am-ի տեղեկություններով՝ վթարի հետեւանքով տուժածները Դավթաշեն վարչական շրջանից են: Մահացողներից երկուսը մայր ու աղջիկ են՝ Լիլիթ Ներսիսյանը եւ Հեղինե Բաղդասարյանը, ընտանիքի հայրն ու 10-ամյա որդին չէին մեկնել հանգստի: Վթարի հետեւանքով զոհված Մարգարիտա Ներսիսյանը Լիլիթի քույրն է, իրենց հետ էր նաեւ նրա թոռնուհին՝ Մարգարիտա Սարգսյանը, ում վիճակը գնահատվում է ծանր: Մեզ հայտնի է դարձել, որ Վրաստանում հանգստացողները արդեն պետք է վերադառնային, պատահաբար հանդիպեցին իրեն հարեւանին՝ Արշավիր Հ.-ին, ով տաքսի է վարում, եւ վերջինս ասել է, որ իրենց կբերի Հայաստան: Նրանք էլ տոմսերը վերադարձրել են, որպեսզի հարեւանի հետ վերադառնան:
Վթարի հետեւանքով վիրավորված Ռուզաննա Հ.-ն էլ Արշավիրի կինն է: Մեզ հայտնի դարձավ, որ նրանց մեքենան կանգնած է եղել, Ռուզաննա Հ.-ն ցանկացել է իջնել մեքենայից, երբ «Ֆորդ տրանզիտը» բախվել է իրենց մեքենային: Մահացել է նաեւ վրացի վարորդը:































