Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում հունիսի 15-ին հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության գործը հանձնվել է ռուսական կողմին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից:

Նրանց փոխանցմամբ՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի տեղակայման հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» 1997թ. օգոստոսի 29-ին ստորագրված համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն՝ նշված գործը փոխանցվել է ՌԴ դատախազությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտ, 2015թ. հունիսի 15-ին հայտնաբերվել է ռուս զինծառայող Իվան Նովիկովի դին:

Ռուսական կողմը հարուցել էր քրեական գործ եւ հենց նույն օրն էլ ձերբակալել, ապա կալանավորել ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Իվան Բոսխոմջիեւին:

Նույն օրը քրեական գործ էր հարուցել նաեւ հայկական կողմը Քրեական օրենսգրքի 104–րդ հոդվածի 1–ին մասով։ Նախաքննությունը շարունակվում է: