21 տարի առաջ ոստիկանների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի գործը միայն 3 օր առաջ է ուղարկվել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տրանսպորտային ներքին գործերի վարչության գծային բաժանմունքի միլիցիոներ Գարիկ Գեւորգյանը 1994թ. ապրիլի 4-ին ժամը 18:00-ի սահմաններում նույն վարչության միլիցիոներ` իր եղբայր Արմեն Գեւորգյանից իմացել է, որ իրենց տան մոտ իրենց հարազատները վիճաբանել եւ կռվել են: Գեւորգյանները նույն վարչության աշխատակից Հ.Սարգսյանի եւ մյուսների հետ գնացել են նշված տան մոտ, որտեղ Գարիկը Գեւորգյանը Հ.Սարգսյանի հետ անհիմն ծեծի են ենթարկել Սահակ Բալյանին: Այդ ընթացքում Գարիկն իր ատրճանակի բռնակով հարվածել է Սահակ Բալյանին եւ բռնությամբ ցանկացել է բերման ենթարկել: Սակայն իմանալով, որ վերջինս ՀՀ ՆԳՆ աշխատակից է՝ բաց են թողել նրան:

Գարիկ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:

Նիստի օրը դեռ նշանակված չէ: