Հայաստանին պատմական շանս է բաժին հասել` դուրս գալու ստեղծված ծանր իրավիճակից: Այդ մասին օգոստոսի 21 –ին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ  Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով, աշխարհում տեղի ունեցող գործընթացների ֆոնին Հայաստանը դիտարկվում է որպես Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ բուֆերային պետություն:

«Ի վերջո, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը իրար վրա ատոմային ռուբեր չեն նետի: Ավելին, բոլորը տեսնում են, թե ինչ մարտահրավերների է այսօր բախվել մարդկությունը եւ հասկանում են, որ ոչ մի պետություն ի վիճակի չէ միայնակ հաղթահարել դրանք: Իսկ համագործակցության համար պետք է կապող օղակ լինի: Այսօր Հայաստանը նման օղակ է հանդիսանում»,-նշել է դիվանագետը` ավելացնելով, որ ԱՊՀ տարածքում բոլոր չափանիշներին համապատասխանող երկրորդ պետությունը չկա:

Անդրադառնալով հայկական ղեկավարության` փոխլրացնող քաղաքականություն վարելու փորձերին, դեսպանը նշել է, որ այսօր դա միակ ճիշտ մարտավարությունն է: Նա նշել է, որ Եվրասիական միությանն անդամակցելը, հակառակ շատ վատատեսական կանխատեսումներին, վնաս չի հասցրել Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին:

«Համաշխարհային հանրությունը մեզ համար բարենպաստ եղանակով վերաբերվեց դրան: Տարբեր մակարդակներում ասվեց այն մասին, որ Երեւանը, ԵՏՄ-ի անդամ լինելով, կկարողանա համագործակցել եւ Արեւմուտքի, եւ Եվրոպայի հետ: Նշանակալի է, որ խոսքը ոչ թե տնտեսական, այլ ռազմավարական համագործակցության մասին է: Այլ խոսքով ասած` Հայաստանը կարող է եւ ՀԱՊԿ-ի անդամ լինել, եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ»,-եզրափակել է Նավասարդյանը` ընդգծելով, որ դա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները արտաքին քաղաքականության ճիշտ ուղի են ընտրել: