ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը («Յուվենցի Կարո») չի պատրաստվում բողոքարկել Արայիկ Ենոքյանի դեմ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը: NEWS.am-ի թղթակիցը զանգահարել էր նրան՝ հետաքրքրվելու, թե ինչպես է վերաբերում Արայիկ Ենոքյանի մասով եւս քրեական գործի կարճմանը եւ ինչ է պատրաստվում անել: «Ոչ մի բան էլ չեմ վերաբերվում, իրենք խարդախ են, հանցագործ են, ապագան ցույց կտա ինչ է, ոչ մի քայլ էլ չեմ ձեռնարկելու»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, թե «այդ հարցերով ինձ մի զանգեք, պաշտպանիս զանգեք»:
Կարո Կարապետյանին առաջարկեցինք զրուցել սահմանադրական բարեփոխումներից: Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում սահմանադրական բարեփոխումներին, պատգամավորն այսպես պատասխանեց. «Մեր երկրի նախագահը ոնց ցանկանա, տենց պիտի անենք ու կողքն էլ կանգնենք»:
Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ Կարո Կարապետյանը հանգստի չի մեկնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերացվել էր Գոհար Ենոքյանի մեղադրանքը: Ըստ նախաքննական մարմնի՝ Գոհար Ենոքյանը Արայիկ Ենոքյանի հետ Խաժակ Բադալյանի միջոցով նախկին ԲՀԿ-ական Կարո Կարապետյանից («Յուվեցի Կարո») վերցրած գումարները հափշտակելու եւ չվերադարձնելու նպատակով կատարել է Կարո Կարապետյանին կյանքից դիտավորությամբ զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն դա ավարտին չի հասցրել: Արայիկ Ենոքյանի մասով եւս հարուցված քրեական գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով:





























