Յունուսների ձերբակալության օրը՝ 2014 թվականի ապրիլի 28-ին, խորհրդային տարիներին նշում էին 1920 թվականին բոլշեւիկների կողմից Ադրբեջանի նվաճումը: Այս մասին գրում է բրիտանական «The Economist»-ը՝ հավելելով, որ այդ ժառանգությունը շարունակում է ապրել:

Պարբերականը նշում է, որ, խորհրդային ավանդույթի համաձայն, Յունուս ամուսիններին ձերբակալեցին եւ մեղադրեցին լրտեսության եւ պետական դավաճանության, ինչպես նաեւ հարկերից խուսափելու եւ հափշտակության մեջ, իսկ մեկ տարի անց ցուցադրական դատավարություն անցկացրեցին:

«Քաղաքական բանտարկությունը նորություն չէ բռնակալ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից կառավարվող ժամանակակից Ադրբեջանում: Սակայն Յունուսների դեպքը հատկապես աղաղակող է: Նրանք խորհրդային այլախոհության շարժման վետերաններ եւ մինչեւ հիմա երկրում քաղաքացիական իրավունքների ակտիվ պաշտպաններ»,- ասված է հոդվածում:

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին տարիներին Լեյլա Յունուսը ղեկավարում էր երկրում հայտնի իրավապաշտպան Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը, իսկ նրա ամուսինն ուսումնասիրում էր ղարաբաղյան հակամարտությունը: «Դժվար է հասկանալ, թե Յունուսներն ինչպես կարող են Ալիեւի համար սպառնալիք լինել: Սակայն նրանց ձերբակալությունը, ամենայն հավանականությամբ, մյուսներին նախազգուշացնելու նպատակ ունի… Արեւմուտքի արձագանքը խլացված է, մասամբ՝ Ադրբեջանին առավել հետ մղելու վախի պատճառով: Ալիեւ-հոր կառավարման տարիներին Ռուսաստանի եւ Ամերիկայի միջեւ հավասարակշռություն պահպանելու բազմամյա փորձերից հետո երկիրը հակաարեւմտյան ուղի ընտրեց եւ ուժեղացրեց բռնաճնշումները»,- ընդգծում է պարբերականը:

Խորհրդային կլիշեների վերածնումը տիկին Յունուսին ստիպեց վերհիշել հին կարգախոսը՝ իր նպատակները նկարագրելու համար: Այդ կարգախոսն օգտագործում էին 1968 թվականին Չեխոսլովակիա ներխուժման դեմ ընդդիմացող խորհրդային այլախոհները. «Հանուն մեր եւ ձեր ազատության»: «Յունուսների գործը Ռուսաստանում քիչ ուշադրության է արժանանում, այդ թվում՝ լիբերալների շրջանում: Կրեմլի մերձավոր կայքերից մեկն Արեւմուտքին մեղադրեց դատավարությունը «քաղաքականացնելու» մեջ: Մոսկվայում կիմանան այդպիսի բաների մասին»,- գրում է «The Economist»-ը: