Վենետիկի հանձնաժողովն օգոստոսի 24-ին ժամանելու է Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հայտնեց, որ նույն օրը հանձնաժողովի անդամները հանդիպելու են Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հաջորդ օրը հանդիպումներ են նախատեսվում քաղաքական ուժերի հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին Սահմանադրության նախագիծն ուղարկվել է Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նրա ստորագրելուց հետո նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: Նախատեսվում է, որ խորհրդարանում նախագծի վերաբերյալ քննարկումները կսկսվեն աշնանային նստաշրջանի առաջին քառօրյային:

Ի դեպ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվելու է մինչեւ սեպտեմբերի վերջ: