Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման   դատապարտված, HSBC բանկի նախկին աշխատակից, 28-ամյա Աշոտ Առուշանյանի ծնողներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը:

«Նախագահն ինձ եւ կնոջս ընդունեց, մոտ 40 րոպե լսեց եւ իր իրավաբանական գծով օգնականին՝ Գեորգի Կոտոյանին հանձնարարեց  վերանայել գործը եւ պարզել մանրամասները: Ընդունելությունից մոտ մեկ շաբաթ անց տղայիս՝ Աշոտ Առուշանյանին, բաց ռեժիմի կալանք սահմանեցին, մինչեւ ավարտվի գործի վերանայումը: Մենք հուսով ենք, որ  նախագահի անմիջական հսկողության ներքո Աշոտ Առուշանյանին կարդարացնեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն Աշոտ Առուշանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով նրան 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանն նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:

Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը: